«Все пропало, шеф!»
Սահմանադրական բարեփոխումների նախօրյակին Հովիկ Աբրահամյանն «огласил речь»: Կատարման «նրբագեղություններին» չանդրադառնանք, հիշելով այն հայտնի «միտքը», որ քաղաքականության համար խելք պետք չէ, ակնառենք, թե ինչ է կատարվում սահմանադրական բարեփոխումների շեմին։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խոսում էր բարեփոխումների հանրաքվեի շտաբի պոտենցիալ պետը, ով, բացի նրանից, որ Սահմանադրությունն ամրապնդում է Հայաստանի անվտանգությունը, ուրիշ որևէ հոդաբաշխ միտք չհնչեցրեց այդ մասին: Հնչեցրածն էլ հաստատապես Սահմանադրության լավագույն բնորոշումը չէր, թեև, հնարավոր է, վարչապետը խնդրի առնչությամբ ունի սեփական «տեսլականները», սակայն թույլ չտվեցին հնչեցնել։ Մենք առանձնացնենք անմիջապես իր ոլորտին առնչվող մտքերը:
ա) ՀԷՑ-ի վաճառք: Պարոն վարչապետն այս հարցում ուղղակի երկու խոշոր` քաղաքական և տնտեսական բացթողում թույլ տվեց: Քաղաքական. այն առավել առնչվում էր ՀՀԿ-ական`ներթիմային խնդրին: Հովիկ Աբրահամյանը որևէ առիթ բաց չի թողնում ամրագրելու, որ այդ ի՛նքը խնդրեց Սամվել Կարապետյանին գնել ՀԷՑ-ը: Եթե անգամ այդպես, ինչո՞ւ բարձրաձայնել այդ մասին: Մանավանդ որ գործարքի գլխին կանգնած էր հաշվարկներում խիստ անսխալական Սերժ Սարգսյանը, ով մշտապես ալքիմիկոսի հմտությամբ է հաշվում։ Այսպիսով, քաղաքական նրբանկատության տեսանկյունից թույլ է տրվել հիերարխիկ կազմաքանդում, և եթե պարոն Աբրահամյանը սա չէր նկատել, որովհետև որևէ «նվաճում» ցույց տալու անզուսպ ցանկությունը շատ մեծ է եղել, քան ինստիտուցիոնալ-պետական-կուսակցական հիերարխիայի դրսևորումը, ապա իր կողքին եղող բանակը պետք է ապացուցեր` հենց այնպես «սնվում-ապրում» է նրա կողքին, մեկ-մեկ էլ «բանիվ» է ապրում: Ասել է` ամենևին պետք չէ այդ միտքը այդքան ասել-ասել: Ի վերջո, սա երկի՞ր է, թե՞ ոչ. և խնդրանք, աղերսանք-լավամարդություն պարամետրն անվերջ շեշտելը պետական մտածողության դեֆիցիտի խոր ցուցիչ չէ՞ արդյոք, առանց այն էլ մեզանում առկա դեգրադացված մտածողության ֆետիշացման ֆոնին։ Էլ ի՞նչ բարեփոխումների մասին կարող է խոսք լինել ընդհանրապես, իշխող կուսակցության, կառավարության, ՀԷՑ-ի ապագա կառավարման դեպքում` մասնավորապես:
Հաջորդ տնտեսական բացթողումը. նույն համատեքստում պարոն վարչապետը եզրակացրեց, որ այդ գործարքը տնտեսապես շահավետ չէր, բայց գնորդը գնաց այդ խիզախման: Առաջացած ասոցիացիան միակն էր` բա ձեր բան ու գործի անունն ի՞նչ է եղել այդ ամենում: Եվ հետո, արդյոք պարտադրանք, «վայնաչարություն» չէ՞ անհաջող գործարքի մեջ գործարարին ներքաշելը։ Սա որ Ձեր բարձրաձայնածն է, բա մնացած գործարքնե՞րն ինչ վիճակում են:
բ) Որքան էլ տարօրինակ թվա, Հովիկ Աբրահամյանն անչափ լուսավոր միտք էլ հայտնեց` փորձելու են Հայաստանը դարձնել Իրանը ԵԱՏՄ երկրներին կապող կամուրջ: Բայց վերը նշված մտքերի «կրումն» ու «գործարկումը», այդ մոտեցումների ոչինստիտուցիոնալ կաղապարը հնարավորություն կտա՞ն նման խիզախման: Թե՞ այս դեպքում ևս` այսօր Հայաստան ժամանած իրանցի բարձրաստիճան հյուրին` առաջին փոխնախագահ Էսհաք Ջհանգիրին, Հովիկ Աբրահամյանը նույնպես պետք է շատ խնդրի, ասելով` դե, լավ գործարք չէ երրորդ գազամուղ բացելը, բայց հասկանում եք, պարոն Ջհանգիր, մեր խաթեր համար «ուրբաթ օրը համեցեք տար»…
Մի խոսքով, ինչպես Օբաման նախորդ օրն ասաց ԱՄՆ-ի ապագա նախագահի հավակնություններ ունեցող «ամենայն հայոց փեսա» Քանյե ՈՒեսթին, մենք էլ ասենք Արգամիչին. «Քիչ խոսեք նման թեմաներից, քաղաքականության մեջ դա կոչվում է սխալ ուղերձ, բազմաթիվ կոնգրեսականներ կորցրել են իրենց աթոռը հենց նման հայտարարությունների պատճառով»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ